38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԿՈՐԱԾ-ՄՈԼՈՐԱԾ ՏԱՐԻ

ԿՈՐԱԾ-ՄՈԼՈՐԱԾ ՏԱՐԻ
18.12.2009 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ՊԱՏՄՎԱԾՔ

Անօրինական արևածաղկի սերմ վաճառող անատամ պառավի վնասազերծման հաջորդ օրը կինս ինձ մի կաշվե դրամապանակ նվիրեց և ջերմորեն շնորհավորեց վաթսունամյա հոբելյանիս առթիվ։ Մինչ ես սիրասուն կնոջս նվիրած արդեն 17-րդ դրամապանակն էի տնտղում, նա հասցրեց պատմել երկրի օրենքների մեջ չտեղավորված պառավի կալանման մանրամասները։ Իր սովորության համաձայն՝ նա միշտ հեռվից է գալիս։ Սկզբում նկարագրեց այն բնակավայրը, որի տարածքում կատարվել էր այդ փայլուն գործողությունը։ Սկսեց Հայկ Նահապետից, որի արձակած նետը ցայսօր դեռ չի գտել իր թիրախը (կնոջս վարկածն է), անդրադարձավ Հայկ Բժշկյանցին՝ Գային, որը գիտեր, թե ինչի համար է կռվում, բայց չիմացավ, թե ինչու է զոհվում։ Մի քիչ վերև գնաց, հասավ Տորք Անգեղին, որի գլխավերևում պահած ժայռաբեկորը, Հայկ Նահապետի արձակած նետի պես, եթե հասցեատիրոջը չգտավ, իր ծանրության տակ ճզմելու է նետորդին։ Հետո մի քիչ հետ եկավ, պտտվեց հայոց արքայից արքայի` Տիգրան Մեծի արձանի շուրջը, մանրամասնեց այն միջավայրը, ուր ԱԱ հատուկ նշանակության ջոկատի դիմակավորված զինյալները, թվով վեց հոգի, կայծակնային արագությամբ իրականացրին օրինազանց պառավի ձերբակալությունը։ Երկու ավտոմատավոր Մեծն Տիգրանի արձանամերձ հրապարակից, երկուսը դեպի արքայից արքան ձգվող աստիճանների կողմից արգելափակեցին անցուդարձը։ Բուն գործողությունն իրականացնող հատուկ ջոկատայիններից մեկը սև պարկն անցկացրեց առևտրական պառավի գլխին, մյուսը՝ ձեռնաշղթաները։ Տիգրան Մեծի խրոխտ հայացքի ներքո բեմադրված շուրջկալը տևեց երեսուն վայրկյան։ Ըստ ականատեսների՝ պառավը չի դիմադրել, հավանաբար, մեղմացուցիչ հանգամանք է ապահովել իր ապագա պատժաչափի համար։
Լավ դրամապանակ էր, հազար ու մի գրպանիկ ուներ։ Մի լավ տեր ձեռք գցելու դեպքում իր բարեմասնությունները, հաստատ, կդրսևորեր։ Ճիշտ է, ես դրամապանակների հետ գլուխ չունեի, բայց սիրում էի խաղալ նրա ծալքերի հետ։ Փող, եթե ունենում էի, պահում էի տաբատիս գրպանում։ Եթե չէի ունենում, ողբերգություն չէի սարքում, հանում էի դրամապանակն ու անցնող-դարձողի քթի տակ ծալքերն իրար խփելով՝ ճտտացնում։ Որքան կաշին որակով էր լինում, այնքան լավ էր ճտտում։
Որպես սերմացու՝ կինս մեկ դոլարանոց թղթադրամ դրեց դրամապանակի մեջ.
-Սըր Ջորջ Վաշինգթոնը քեզ ապավեն։
-Ակաս-մակաս, վաթսունամյակն էր պակաս,- ասացի առանց ոգևորության։
-Քեզ համար միևնույնը չէ՞, քսան ես, թե վաթսուն,- ասաց կինս։
-Դու ավելի ճիշտ ես, քան նրանք, ովքեր ճիշտ չեն։
-Արհեստական տոնածառի պես տարին մի զարդ փոխելով՝ գոյությունդ ես ազդարարում ու երևակայում, թե ապրում ես,- ասաց կինս։
-Ցավալի է, բայց փաստ,- ասացի,- գալիք տարի ինքդ էլ ես վաթսուն դառնալու։
-Մեր ամուսնության հաջորդ օրն իսկ ես արդեն վաթսուն էի։
-Երկու դժբախտ՝ մեկ սխալի մեջ,- ասացի։
-Դժբախտ կամ երջանիկ լինում է նա, ով շարժվում է,- ասաց կինս։
-Ապտակը շարժո՞ւմ է,- հարցրի։
-Միակ շարժումն է, որին դու ընդունակ ես,- ասաց կինս ու ավելացրեց,- այն էլ՝ տան պատերի ներսում։
-Սըր Ջորջ Վաշինգթոնին քթիցս բերիր,- ասացի,- մեկ դոլարի դիմաց մի վաթսունամյա տղամարդու անխղճորեն կտցահարում ես։
-Գնա, գնա Տիգրան Մեծի արձանի կողքը ինքդ էլ անշարժացիր, մի՛ վախեցիր, արձաններին ձեռնաշղթա չեն հագցնում։
Մեր բոլոր հոբելյանները ես և կինս այսպես ենք նշում։ Կինս ինձ ամեն անգամ դրամապանակ է նվիրում, ես նրան՝ թաշկինակ։ Դրամապանակը երբեք չի լցվում, իսկ թաշկինակներով կինս իր արցունքներն է սրբում։ Հին դրամապանակներից մեկ դոլարանոցները տեղափոխում եմ իմ վաթսունամյակի դրամապանակի մեջ և հաշվում։ Ճիշտ տասնյոթ Ջորջ Վաշինգթոն։ Անկախության ամեն տարուն՝ մեկ սերմացու։ Աստծո սիրույն, չկարծեք թե դժգոհում ենք. մեր կյանքն է՝ ապրում ենք։ Եթե որևէ անատամ պառավի ձերբակալություն չի լինում մեր հոբելյանի օրերին, մենք հորինում ենք։ Ճիշտ էլ անում ենք, որ հորինում ենք, որովհետև մեր հորինած պատմություններում միշտ էլ մի մեղմացուցիչ հանգամանք թողնում ենք։ Այր ու կին ենք, մեր չորս պատերի ներսում մի քիչ իրար միս կուտենք, ուս ուսի կտանք ու աշխարհի բաները կքննենք, կտանք-կառնենք՝ օրը կանցնի։ Կարևորն այն է, որ մեր հորինած պատմությունները մեր տան պատերի ներսում կմնան։ Կարելի է ասել՝ խաղ է։ Տարիքն առած մարդ ենք, զբաղվում ենք։ Դրամապանակի հերն էլ անիծած, էնպես կճտտացնեմ, որ խորհրդարանի քնած պատգամավորները վեր կթռնեն ու մեկմեկու սարսափահար կհարցնեն. «Էս ի՞նչ էր, երկրաշա՞րժ էր»։
Ձերբակալված պառավի պատմությունը կնոջս կողմից էր։ Առայժմ նա հաղթում է։ Մեր ձեռքն էլ քարի տակ չէ, մի բան կանենք։
Այս տարի մեծահարուստ Արսեն Սիմոնյանի թիկնապահը բռնաբարեց իր պաշտպանյալի բարեգործությամբ վերանորոգված դպրոցի պատմության ուսուցչուհուն։ Պատվազրկված ուսուցչուհին մամուլի ասուլիս հրավիրեց, շատ կծու արտահայտություններով ձաղկեց կրթության համակարգի հանդեպ պետության հանցագործ անտարբերությունը և բռնություն գործադրած անձից պահանջեց փոխհատուցում իր պատառոտված ներքնազգեստի դիմաց։ Ասուլիսին հրավիրված լրագրողների հարցախույզերը՝ պարզելու տուժած ներքնազգեստի իրական արժեքը, ապարդյուն անցան։ ՈՒսուցչուհին, նշելով բռնաբարողի` արցախյան ազատամարտին մասնակից լինելու փաստը, անդրադառնալով հայ ժողովրդի դարեր շարունակ պետականությունից զուրկ լինելու հանգամանքին, ինչը, անշուշտ, ազդել է ազգի բարոյական նկարագրի վրա, ասաց, որ ինքը, որպես տուժող, առաջին հերթին պետական մտածողության կրող է և չի կարող ազգային բռնաբարողին և օտար բռնաբարողին նույն հարթության վրա դիտարկել։ Հետո ասաց, որ ինքը, բռնաբարության կրկնության դեպքում, ավելի խիստ միջոցներ կձեռնարկի։
Այս պատմությունը կնոջս շատ դուր եկավ, խնդմնդաց, գնաց-եկավ ու ասաց.
-Չհասկացա՜։
-Բռնաբարված ուսուցչուհո՞ւն, թե՞ ազգային բռնաբարողին,- հարցրի։
-Չհասկացա,- ասաց կինս,- թե ինչու է քանդակագործը Տիգրան Մեծին այդքան փոքր քանդակել։
-Իսկ այն, որ վաթսուն տարեկան եմ, հասկանո՞ւմ ես։
-Ոչ ոք չի զանգում գնդապետին,- Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ոչ ոք չի գրում գնդապետին» վիպակի վերնագիրը սրբագրելով՝ ասաց կինս։
-Փող քիչ են տվել, փոքր է քանդակել,- կնոջս նախկին զարմանքը փարատեցի ես։
-Շարունակենք ապրել,- ասաց կինս։
-Ավելի հետաքրքիր պատմություններ են ծնվում ու մեռնում աշխարհում,- ասացի։
-Ավելի, քան պատմության ուսուցչուհու ներքնազգե՞ստը,- թերահավատորեն ասաց կինս։
-Երգչուհու փորը,- ասացի,- սա իմ հոբելյանական պատմությունն է։
«Երգչուհու փորը» արտահայտությունը գայթակղիչ էր։ Կինս ավելի սեղմվեց ինձ։ Մարմնովս մի ծերացած ջերմություն անցավ, և քիչ էր մնում այս պատմությունը վիժեր իր ծննդյան նախնական փուլում։ Արդեն մթնում էր։ Մի քիչ էլ որ ձգենք, վաթսունմեկի սահմանը բարով-խերով կհատենք։ Ասենք թե` հատեցինք, հետո՞։ Վնասազերծված պառավից գնած մի բուռ արևածաղիկ է մնացել… չրթեցինք-պրծանք, հետո՞, բռնաբարված ուսուցչուհու ներքնազգեստի գինը, ասենք, իմացանք, հետո՞… Ի՞նչ իմանաս, թե ինչ կա վաթսունմեկի մեջ։
«Երգչուհու փորը», եթե իսկապես իմ հորինածը լիներ, դժվար թե հայ-թուրքական հարաբերությունների ընձյուղման կամ վերընձյուղման շուրջ ծագած բանավեճերից ավելի ցավագին հետևանքներ ունենար։ Դժբախտաբար թե բարեբախտաբար, իմ վաթսունամյակի տարում կյանքն ավելի արտասովոր էր, ավելի շշմեցուցիչ, քան նրա մասին հորինած պատմությունները։
Այդ տարվա մասին հետագայում շատ են պատմելու, բայց ոչ պատմողն է հավատալու իր պատմածին, ոչ էլ լսողը։ Այդ տարին պատմությունից դուրս է մնալու, և ապագա սերունդները զարմացած հարցնելու են. «Ո՞Ւր կորավ սըր... (անուն-ազգանունս չեմ հայտնում, ի՞նչ իմանաս՝ ո՞վ ինչպես կընկալի այն) վաթսունամյակի տարին»։ Հա՛, կնոջս խոստացա «երգչուհու փորը» պատմել։ Բանն այսպես եղավ. Հանրային հեռուստատեսության եթերից երգչուհի Աղավնին ցուցադրեց իր հղիությունը։ Լյուդովիկոս 14-րդ թագավորի հրամանով գլխաբաց խոնարհվում ենք հղի կանանց առաջ։ Երգչուհու կլորիկ փորը հանրության գիտակցության չարաբաստիկ ծալքերի մեջ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Երգչուհին եթերից հայտնեց, որ սա իր երգ երգոցն է։ Շատերն այն ընկալեցին որպես գովազդային հնարք՝ հոլիվուդյան վարքադարանից թխված։ Երևի չէին սխալվում, որովհետև երգչուհու ձայներիզները աստղաբաշխական տպաքանակով մարսվեցին երկրի երաժշտական լսարանի ստամոքսում։ Հոլիվուդյան հնարքը գնահատելով հանդերձ (Ջենիֆեր Լոպեսի մեկ միլիոնանոց քամակի մասին նույնիսկ խուլ գյուղերի կթվորուհիները գիտեին)՝ հասարակությունն ուզեց օգտվել իրազեկված լինելու իրավունքից։ Հնարամիտ երգչուհու փորի առեղծվածը լուծելուն զինվորագրվեցին ոչ պակաս հնարամիտ լրագրողները։ Բռնաբարված ուսուցչուհու և վնասազերծված պառավի պատմություններից հիասթափված և հուսահատված դեղին մամուլը ոտքի հանեց իր լրտեսական ցանցը։ Մի կատակաբան լրագրող (հենց նեղն են ընկնում, սկսում են կատակել), խոսքի ազատության ներմուծված իրավունքի թմբիրի մեջ, հյուսեց ու տպագրեց երգչուհու փորի վերաբերյալ իր վարկածը։ Շեշտելով տեղեկատվության իր աղբյուրի արժանահավատությունը՝ նա հավաստեց, որ ապագա երեխայի հայրը Մեսրոպ Մաշտոցն է։ Ժողովրդի հետաքրքրասիրությունը, մուսալեռցիների հարիսայի պես, սկսեց բլթբլթալ ազգային կաթսայի մեջ. տեսնես ո՞վ է այդ երջանիկ Մեսրոպը, ո՞ր մեծահարուստի թիկնապահն է, կամ մորաքրոջ որդին, կամ դպրոցական ընկերը։ Զավեշտն ավելի ճյուղավորվեց, երբ հայտնի դարձավ, որ երգչուհի Աղավնին լի է իր պատիվն ու համբավը պաշտպանելու վճռականությամբ։ Նա դատի տվեց լրագրողին և փաստարկներ ներկայացրեց, որ ինքը Մեսրոպ Մաշտոց անուն-ազգանվամբ մարդու չի ճանաչում, բնականաբար, նա չի կարող իր երեխայի հայրը լինել։ Նոր-նոր բարեփոխումների գործընթացը հորով-մորով արած հայաստանյան արդարադատությունը, մանրազնին տնտղելով հանրապետության ազգաբնակչության հաշվեմատյանը և համոզվելով, որ այնտեղ Մեսրոպ Մաշտոց անուն-ազգանունով քաղաքացի չկա, լրագրողի դեմ դատական գործ հարուցեց «սուտ մատնության» քրեական հոդվածի հատկանիշներով։
Կատակաբան լրագրողի դատապաշտպանն իզուր էր այբբենարանը դատավորի քիթը խոթում և Մատենադարանի քարե արձանը մատնանշում։ Դատավորն անդրդվելի էր. եթե կա այդպիսի մարդ, թող անձամբ ներկայանա դատարան։ Մեսրոպ Մաշտոցի հայրական իրավունքը ժխտող երգչուհու հնարքը խոզի գրիպից ավելի վարակիչ դուրս եկավ։ Այն երգչուհիները, ովքեր հանգամանքների բերումով հղի չէին, արագորեն սկսեցին հղիանալ։ Իրենց հղիությունն ընդգծելու և այն ցուցադրելու նպատակով զգեստներ պատվիրվեցին, արտասահմանից հրավիրվեցին հատուկ մասնագետներ։ Կլորիկ փորերի հեղեղը լցվեց եթեր։ Դատական ատյաններում սկսեցին շոշափվել Դավիթ Անհաղթի, Ներսես Շնորհալու և Մովսես Խորենացու անունները։ Բնականաբար, նրանցից ոչ մեկի հայրական իրավունքը չճանաչվեց, և դեղին մամուլի շատ ու շատ լրագրողներ ստացան իրենց արժանի պատիժը։ Իրենց կլորիկ փորերը ցուցադրելու և դրանց մեջ պարփակված առեղծվածների շնորհիվ երգչուհիները, որպես կրած բարոյական վնասների փոխհատուցում, ստացան հինգ միլիարդ երեք հարյուր հիսուն դրամի չափ գումար, որը ծախսեցին համաստեղությունների մեջ փայլելու և այլ աստեղային կարիքների համար։
Սկզբից ևեթ երևում էր, որ կինս այս պատմությունը չի հավանելու։ Մի պահ նույնիսկ քնեց։ «Կլորիկ փորերի հեղեղը լցվեց եթեր» նախադասության ավարտին աչքերը բացեց և ասաց.
-Երեխաներին հանգիստ թող։
-Ի՞նչ երեխա,- ասացի։
-Առհասարակ,- ասաց նա,- երեխաները մեղք չունեն, որ մենք ծերանում ենք։
-Քրիստո՜ս... Աստվա՜ծ...,- զարմանքս արտահայտեցի ես,- այս կինն ինձ հունից կհանի։
-Այս պատմությունը մի մեծ թերություն ունի,- ասաց կինս ու ժամացույցին նայեց։
-Իմ պատմությունն է,- ասացի,- իմ թերություններով շաղախված։
-Վիրավորված ծերուկի պատմություն է,- ասաց նա,- քո ի՞նչ բանն է, թե ո՞վ, ո՞ւմից և ինչ է կրում իր փորի մեջ։
-Ամեն մարդ իր լսած պատմությանն է արժանի,- ասացի,- եթե ունկնդիրը մի մոսկովյան ծիտիկ լիներ, ինչ-որ բան պատմելու հարկ չէր լինի։
-Պա՜հ... պա՜հ... պա՜հ... ամուսնյակիս սիրտը մոսկովյան ծիտիկ է ուզում... Ո՞րը կնախընտրեիք, պարոն, թոթոլի՞կ, թե՞ տախտակ։
Որպեսզի հոբելյանս չփչացնեմ, կնոջս պատմում եմ երբևէ իմ լսած ամենաիրական և խորիմաստ պատմությունը։ Ինձ նման մի հայ տղամարդ կնոջս նման մի չաչանակ կին է ունենում։ Դիմանում է մեկ տարի, երկու, քսան, երեսուն... մի օր էլ համբերությունը հատնում է՝ որոշում է փախչել։ Փախչում է մեկ օր... երկու... քսան... երեսուն... Մեկ էլ կինը հեռագիր է ստանում. «Աղավնյակս, փախչում եմ։ Հասել եմ Սախալին, բայց ձենդ դեռ ականջներիս մեջ է։ Շարունակում եմ փախչել»։
Կնոջս նկատմամբ իմ վերջին հարձակումը, կարծում եմ, արդյունավետ էր։ Նա ծիծաղեց, որպեսզի հումորի պակասության մեղադրանքի չարժանանա և ասաց.
-Ասա՛, ինչո՞ւ ինձ կործանեցիր։
-Կես ժամ մնաց,- ասացի,- կմեկնեմ։
-Էդ ե՞րբ եկար, որ հիմա էլ մեկնում ես։
-Եկա՛, քնած էիր, գնում եմ՝ դարձյալ քնած կլինես,- ասացի ու սկսեցի անկանոն շարժումներ անել։
-Էդ ի՞նչ ես անում,- զարմացավ կինս,- գժվեցի՞ր արդեն։
-Ճյուղից ճյուղ եմ թռչում,- ասացի։
-Բարի գիշեր,- ասաց կինս,- երբ վերադառնաս, «բարի լույս» կասեմ։
-Վաթսունմեկից այլևս չեն վերադառնում, միայն գնում են,- ասացի։
-Հա՛,- ասաց կինս,- մի հրաշալի պատմություն գիտեմ, հեռագրով կուղարկեմ, եթե հասցե ունենաս։
Հենց վաթսունմեկի զանգը խփեց, կինս քնեց, ինչպես կանխատեսել էի։ Քնել էր` գլուխը իմ ուսին թեքած։ Նա, ով գնալու տեղ ունի, պետք է այս բանը միշտ աչքի առաջ ունենա։ Եթե դատավճիռ արձակող դատավորը իր ուսին քնած կնոջ գլուխ զգա, հավատացեք, թե արդար չդատի՝ մեղմացուցիչ հանգամանքների մասին կհիշի։ Հեշտ բան չէ կնոջ գլխի տակից նրա միակ հենարանը հեռացնելը։ Ելքը մեկն էր՝ գլուխ գլխի տված քնեցինք։ Քնի մեջ իրարից երազ էինք խլում։ Հայկ Նահապետի նետը ոնց որ թե իմ կողմն էր սուրում։ Ոնց որ թե խոցեց... ցավ չեմ զգում։ Համոզված չեմ, ի՞նձ էր խոցել, թե՞ մեկ ուրիշի։ Կինս իմ երազը խլեց, և Հայկ Նահապետի նետը փոխեց ուղղությունը...
Տիգրան Մեծի արձանամերձ հրապարակում կլորիկ փորերով երգչուհիներից կազմված երգչախումբը, որի խմբավարը անատամ բերանով պառավն էր, անզուգական մի երգ էր կատարում... ՈՒնկնդիրները, որ անխտիր դիմակավորված էին, առանց հնչյուն արձակելու, շուրթերով ձայնակցում էին... Այս անգամ ես խլեցի կնոջս երազը... երկարափեշ, կաթնափրփուրի մեջ լողացող մի մոսկովյան ծիտիկ, որ ամենևին էլ մոսկովյան չէր և նույնիսկ ծանոթ դիմագծեր ուներ, լողալով հասավ հայոց արքայից արքայի ապարանքը և արևածաղկի սերմեր շաղ տվեց հրապարակի վրա։ Ամենքը՝ դիմակավորված ունկնդիր, թե կլորիկ փորերով երգչուհիներ, որսացին արևածաղկի սերմերը, նստեցին աստիճանների վրա և սկսեցին չրթել՝ մեկը մյուսին թքոտելով... Տիգրան Մեծը շրջվեց, և հենց այդ պահին նրան հասավ Հայկ Նահապետի նետը...
Ես և կինս միաժամանակ վեր թռանք։ Ես արդեն վաթսունմեկի մեջ էի։ Կինս գնաց մեր ամուսնական առագաստը փռելու։ Մեկ էլ տեսար՝ վագրը թռավ։

Դիտվել է՝ 3980

Մեկնաբանություններ